«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Սոչիի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1): Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ:
«Սպասում էինք, որ բարդ հանդիպում է լինելու։ Հիմա էմոցիաները շատ են։ Առաջին հերթին կարևոր էր հաղթելը, իսկ բուն խաղին դեռ կանդրադառնանք։ Գլխավորն այն է, որ երեք միավոր վաստակեցինք։
Ինչո՞ւ էր պահերի իրացումն այդքան թույլ. լավ է, որ այդ պահերն առհասարակ կան։ Ֆուտբոլում նման բաներ լինում են։ Մեր տրամադրվածությունը ճիշտ էր, իսկ իրացման հարցում ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում։ Գլխավորը պահեր ստեղծելն է:
Արդյո՞ք հուզմունք կար 11-մետրանոցն իրացնելուց առաջ. հուզմունք միշտ էլ լինում է։ Միանգամից որոշեցի՝ ինչպես եմ հարվածելու, ու չփոխեցի որոշումս»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Նշենք, որ «Կրասնոդարը» վաստակած 46 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ ունենալով 4 միավորի առավելություն։ «Սոչին» 21 խաղից հետո ունի ընդամենը 9 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:




























































