Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը խոսել է մադրիդյան ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի շուրջ ստեղծված իրավիճակի և նրա հասցեին հնչող ռասիստական վիրավորանքների մասին։
Ազարը չի բացառել, որ մշտական ճնշման պատճառով բրազիլացին կարող է վաղաժամ ավարտել կարիերան։
«Վինին պարզապես մարդ է, որը սիրում է ֆուտբոլը և ուզում է խաղադաշտ դուրս գալ ու հաճույք ստանալ, ինչպես ես էի անում իմ ժամանակ։ Հիմա ավելի շատ խոսում են այն մասին, թե ինչ է նա անում կամ ինչ ապրումներ ունի, քան այն մասին, թե ինչ է նա տալիս խաղադաշտում։ Մարդիկ հակված են մոռանալու, թե որքան բացառիկ ֆուտբոլիստ է նա։
Վինին գիտի, թե ինչի հետ է բախվելու հանդիպման ժամանակ։ Անընդհատ խոսակցություններ են գնում պատիժների մասին, բայց իրական պատժամիջոցների բանը չի հասնում, ոչինչ չի փոխվում։ Դա շատ ծանր է։ Ես չեմ զարմանա, եթե 30 տարեկանում նա ասի, որ թողնում է ֆուտբոլը։ Ռոնալդինյոն նույնպես պարում էր, բայց չեմ հիշում, որ նրա շուրջ այսպիսի պատմություններ լինեին»,- Ազարի խոսքերը մեջբերում է իսպանական AS պարբերականը։
Հիշեցնենք, որ գալիք ամռանը կլրանա Վինիսիուսի 26-ամյակը։ Նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ինքը՝ Էդեն Ազարը, ֆուտբոլային կարիերան ավարտել է 32 տարեկանում։



























































