Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք առաջին խաղից առաջ կիսվել է իր սպասումներով։ Ուրուգվայցին ընդգծել է թիմային ոգու, երկրպագուների աջակցության և հոգեբանական պատրաստվածության կարևորությունը։
«Անհավանական հանդիպում է սպասվում։ «Ռեալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ և ֆուտբոլով ապրող յուրաքանչյուր երեխա կերազեր խաղալ նման հանդիպումներում։ Նախորդ հաղթանակից հետո մենք հոգեբանորեն շատ վստահ ենք, ինչը շատ կարևոր է այս խաղին ճիշտ մոտենալու համար։ Գիտենք, թե որքան կարևոր է երկրպագուների աջակցությունը. նրանց հետ ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Մեզ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը տա իր առավելագույնը լավ արդյունքի հասնելու համար։
«Այս մրցաշրջանում, երբ «Սիթիի» հետ խաղացինք «Բեռնաբեուում», մենք հիանալի էինք գործում, մինչև նրանք բեկեցին հանդիպման ընթացքը։ Դրանից հետո նրանք պարզապես գերազանցեցին մեզ, երբ հաշվի մեջ առաջ անցան։ Այս օրերին մենք շատ ենք աշխատել ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության վրա, որպեսզի միասնական մնանք։ Տարվա ընթացքում հաճախ է եղել, որ ոչ բոլոր 11 խաղացողներն են պաշտպանվել։ Հիմա մենք գիտենք մեր անելիքը և կենտրոնացած ենք։ Այս խաղերը բարդ են, և նախևառաջ պետք է ֆիզիկապես ու հոգեպես լավագույն մարզավիճակում լինել։
«Մբապեն շատ կարևոր խաղացող է մեզ համար, բայց հիմա մենք պատրաստվում ենք խաղին և կենտրոնանում ենք նրանց վրա, ովքեր դաշտ են դուրս գալու: Անհրաժեշտ է, որ բոլորը 100 տոկոսով նվիրվեն։
Ուրախ եմ նաև ակադեմիայի տղաների համար։ Նրանք տպավորիչ աշխատանք են կատարում մարզումների ժամանակ, վազում են, պայքարում և հպարտությամբ են կրում այս մարզաշապիկը: Թիագոն այժմ շատ է խաղում և իրեն լավ է դրսևորում: Բայց ես միշտ շեշտում եմ, որ նրանք պետք է համեստ լինեն նաև դաշտից դուրս և լավ օրինակ ծառայեն ապագա սերունդների համար։
Ես փորձում եմ հարմարվել մարզչի պահանջներին: Հանդես եմ եկել տարբեր դիրքերում և միշտ փորձում եմ տալ առավելագույնը: Գնահատում եմ պարզապես մեկնարկային կազմում լինելը: Ֆուտբոլում լինում են և՛ լավ, և՛ վատ պահեր, բայց պետք է միշտ հասանելի լինել թիմի համար: Նույնիսկ ցավերով ու վնասվածքներով փորձում եմ անել հնարավորը, որպեսզի թիմակիցս հպարտանա ինձնով և իմանա, որ դաշտում ունի եղբայր, ով կպաշտպանի իրեն մինչև վերջ։
Վերջին հաղթանակը շատ օգնեց բարելավել մթնոլորտը հանդերձարանում։ Մեզ նման խաղ և հաղթանակ էր պետք։ Բոլորս գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերի առաջ ենք կանգնած: Սրանք բարդ ամիսներ էին մեզ համար, բայց մենք կրկնակի շատ ենք աշխատել՝ մրցաշրջանի ընթացքը շրջելու համար: Հուսով եմ՝ կկարողանանք մրցաշրջանը եզրափակել բարձր նոտայով ու տիտղոսներով։ Իսկ վաղը շատ կարևոր է լավ արդյունք գրանցել՝ պատասխան խաղին ավելի հանգիստ մոտենալու համար»,- կիսապաշտպանի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
























































