«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը վերհիշել է, թե ինչպես էր ակումբը կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյին դրդում հեռանալ թիմից։
Այդ շրջանում մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե իբր մարզիչն անձամբ շահագրգռված չէր շարունակել համագործակցությունն այն ֆուտբոլիստի հետ, ով իր ողջ կարիերան անցկացրել էր կատալոնական ակումբում։
«Ինչ-որ պահի Սերխի Ռոբերտոն մոտեցավ ինձ ու հարցրեց. «Չավի, դու իսկապե՞ս չես ուզում, որ ես մնամ»։ Ես նրան պատասխանեցի, որ ամեն ինչ հակառակն է, և որ ես հարվածների տակ եմ հայտնվել հենց այն պատճառով, որ պնդում էի երկարաձգել նրա պայմանագիրը։ Հետո նա ինձ պատմեց, որ Ալեխանդրո Էչևարիան է նման կեղծ տեղեկություններ տարածել»,- հարցազրույցի ժամանակ նշել է Չավին։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը «Բարսելոնան» լքեց 2024 թվականի կեսերին։ Նույն ժամանակաշրջանում ակումբից հեռացավ նաև Սերխի Ռոբերտոն՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով իտալական «Կոմո»։


























































