«Կոլո-Կոլոյի» չիլիացի հայտնի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել Մադրիդի «Ռեալի» հասցեին՝ պնդելով, որ VAR (տեսակրկնության) համակարգը ֆուտբոլում ներդրվել է հատկապես «արքայական» ակումբին ցուցաբերվող մրցավարական աջակցությունը կանխելու նպատակով։
Չիլիացին նման եզրահանգման է եկել այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի վճռորոշ փուլերում իր նախկին թիմերը երկու անգամ տուժել են «Ռեալի» հետ դիմակայություններում գրանցված վիճելի դրվագների պատճառով։
«Այո՛, VAR համակարգը ստեղծեցին հենց այն բանից հետո, երբ մրցավարները սկսեցին չափազանց հաճախ օգնել Մադրիդի «Ռեալին»։ Ես դրանում ընդհանրապես չեմ կասկածում։ Մենք նույնպես տուժել ենք հօգուտ «Ռեալի» թույլ տրված սխալներից»,- Վիդալի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it պարբերականը։
Հիշեցնենք, որ Վիդալն իր կարիերայի ընթացքում հասցրել է պաշտպանել նաև «Ռեալի» սկզբունքային մրցակցի՝ կատալոնական «Բարսելոնայի» գույները։























































