Կանադական «Վանկուվերի» գերմանացի հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կարծում է, որ Լիոնել Մեսսին ի զորու է ևս մեկ անգամ հաջողության հասցնել Արգենտինայի ազգային հավաքականին աշխարհի առաջնությունում։
Հիշեցնենք, որ 2022 թվականին «ալբիսելեստեն» մունդիալի ոսկե մեդալները նվաճեց մեծամասամբ հենց Մեսսիի արդյունավետ խաղի շնորհիվ։ Առաջիկա մրցաշարի ընթացքում «Ինտեր Մայամիի» հարձակվողը կդառնա 39 տարեկան։
«Արգենտինային միշտ պետք է հաղթանակի հավակնորդ համարել, քանի դեռ Մեսսին շարքում է։ 2022 թվականին նա իդեալական կերպով էր բաշխում իր ռեսուրսները. խնայում էր ուժերը, երբ դրա հնարավորությունը կար, և փայլում էր վճռորոշ պահերին։ Նրա բացակայությունն արմատապես կփոխի ուժերի դասավորվածությունը»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Inter Miami News Hub պարբերականը։
Հավելենք, որ ԱԱ-2026-ի հանդիպումները կկայանան հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
























































