Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող մեկնարկ են ունեցել՝ նվաճելով առաջին մեդալները։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած շարժվող թիրախ-նորմալ վազք մրցաձևում գրանցվել է հայկական եզրափակիչ. Լիլիթ Մկրտչյանը 8:6 հաշվով հաղթել է Գոհար Հարությունյանին: Մկրտչյանն իր կարիերայում 4-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հարությունյանն արժանացել է արծաթե մեդալի:
«Այս մեդալը միշտ հիշվելու է, քանի որ այսօր արեցի այն, ինչի մասին տարիներով երազել եմ: Հպարտ եմ, որ պատվո հարթակին Հայաստանի երկու ներկայացուցչով ենք լինելու: Քո հայրենիքում չեմպիոն դառնալիս բոլորովին այլ զգացողություններ ես ունենում»,- հաղթանակից հետո նշել է Լիլիթ Մկրտչյանը:
Մրցումային առաջին օրը նաև աշխարհի ռեկորդ է գրանցվել. օդամղիչ հրացան՝ միքս մրցաձևում ոսկե մեդալակիր է դարձել Նորվեգիայի թիմը՝ վաստակելով 506.7 միավոր: Կանանց 10 մ. օդամղիչ ատրճանակ մրցաձևում Եվրոպայի չեմպիոն է դարձել հունգարացի Վերոնիկա Մայորը: Թիմային հաշվարկում ևս հաղթող է ճանաչվել Հունգարիան, որին հաջորդում են Վրաստանի և Բուլղարիայի ընտրանիները:
Աղբյուրը՝ ԿԳՄՍՆ




























































