«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը՝ ուղղված Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին:
Նախորդ շաբաթ մադրիդյան ակումբը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Բենֆիկային»: Խաղի ընթացքում Վինիսիուսը հայտնել էր գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեին, որ լիսաբոնցիների կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին, մարզաշապիկով փակելով բերանը, իրեն «կապիկ» է անվանել: Պրեստիանին, իր հերթին, հայտարարել էր, որ չի վիրավորել բրազիլացուն:
Խաղից հետո «Բենֆիկան» գլխավորող Մոուրինյուն նշել էր. «Ինչ-որ բան այն չէ: Յուրաքանչյուր մարզադաշտում, որտեղ խաղում է Վինիսիուսը, միշտ ինչ-որ բան պատահում է»:
«Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց Ժոզեն կնստի ու կմտածի. «Հնարավոր է՝ ես սխալ վարվեցի»: Այդ խոսքերը Մոուրինյուին ռասիստ չեն դարձնում: Կարծում եմ՝ Ժոզե Մոուրինյուն բավականաչափ բան է արել ողջ աշխարհի սևամորթ ֆուտբոլիստների համար, ովքեր նրան որպես հոր են նայում, որպեսզի վստահաբար նշենք, որ նրա մեջ ռասիզմի նշույլ անգամ չկա»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Հավելենք, որ ՈւԵՖԱ-ն արդեն ժամանակավորապես հեռացրել է «Բենֆիկայի» կիսապաշտպանին եվրագավաթային հանդիպումներից:


























































