«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը, Բարսելոնայի քաղաքային խորհուրդը և Կատալոնիայի կառավարությունը համատեղ որոշում են կայացրել հայտ ներկայացնել Չեմպիոնների լիգայի 2029 թվականի եզրափակիչ հանդիպումը «Կամպ Նոու» մարզադաշտում անցկացնելու համար։
««Բարսելոնան» պաշտոնապես հայտարարում է Բարսելոնայի քաղաքային խորհրդի և Կատալոնիայի կառավարության հետ համատեղ 2029 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման հայտերի ընդունման նախնական փուլին մասնակցելու մտադրության մասին։ Առաջարկվում է Բարսելոնան՝ որպես հյուրընկալող քաղաք, իսկ «Կամպ Նոուն»՝ որպես հանդիպման անցկացման ենթադրյալ վայր»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ ակումբն արդեն ՈւԵՖԱ-ին է փոխանցել նախնական անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը։ Վերջնական հայտի պաշտոնական ներկայացումը նախատեսված է 2026 թվականի հունիսի սկզբին։
Մարզադաշտի վերակառուցման մասին «Կամպ Նոուի» վերակառուցման աշխատանքներն ընթացել են 2023 թվականի ամառվանից մինչև 2025 թվականի նոյեմբեր։ Նորացված մարզադաշտում «Բարսելոնան» իր առաջին հանդիպումն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ Լա Լիգայի 13-րդ տուրի շրջանակում հյուրընկալելով «Ատլետիկին» (4:0):
Մարզադաշտում բոլոր տեսակի աշխատանքների վերջնական ավարտը պլանավորված է 2026 թվականի հունիսին։


























































