Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ծանր պայքարում հաղթանակ կորզեց մադրիդյան դերբիում՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ։ Հանդիպման ելքը վճռեց Կիլիան Մբապեն, որը խաղի երկրորդ կեսին ավելացված ժամանակահատվածում անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը։
«Արքայական» ակումբի կազմում առաջին գնդակը հեղինակել է Վինիսիուս Ժունիորը։ Այս գոլը բրազիլացի հարձակվողի համար առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ նա ընդհատեց Լա լիգայում իր 120-օրյա գոլային երաշտը։
Խաղից անմիջապես հետո Վինիսիուսը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ հստակ ուղերձ հղելով երկրպագուներին և հանրությանը․
«Մինչև վերջ այս ակումբի հետ։ Միշտ «Ռեալ» Մադրիդ», — գրել է Վինիսիուսը։
Հարկ է նշել, որ միջազգային մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում Վինիսիուս Ժունիորի՝ այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։



























































