Բելգիացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը համեմատություններ է անցկացրել իր նախկին ակումբների՝ Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» միջև։ Չնայած Անգլիայում ունեցած իր փայլուն անհատական ելույթներին, նա «արքայական» ակումբն է համարել լավագույնն իր կարիերայում։
Հիշեցնենք, որ 2012-2019 թվականներին Ազարը «Չելսիի» առաջատարն էր և ցուցադրում էր տպավորիչ խաղ, մինչդեռ «Ռեալ» տեղափոխվելուց հետո նա չկարողացավ լիարժեք դրսևորել իրեն։ Բելգիացին իսպանական թիմի առաջին հավաքին ներկայացել էր նկատելի ավելորդ քաշով, իսկ հետագայում նրան անընդհատ հետապնդում էին վնասվածքները։
«Արդյո՞ք «Չելսին» լավագույն ակումբն է, որտեղ ես խաղացել եմ։ Ո՛չ։ «Ռեալն» ավելի լավն է։ Իմ ժամանակաշրջանը «Չելսիում» անհավանական էր, բայց որպես ակումբ՝ «Ռեալը» լավագույնն է։ Համար մեկը»,- Ազարի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Էդեն Ազարը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 32 տարեկանում։ Մադրիդի «Ռեալի» կազմում նա մասնակցել է 76 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































