Եգիպտոսը ներկայացնող «Ալ-Ահլիի» հարձակվող Համզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերը։
Թեև տրանսֆերի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս անցած շաբաթ, այժմ գործարքի կայացումը հաստատել է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ օգտագործելով իր այցեքարտը դարձած «Here we go» արտահայտությունը։
«Բարսելոնան» համաձայնեցրել է 18-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը՝ պայմանագրում ներառելով տրանսֆերի հետագա գնման հնարավորություն։
Խոստումնալից եգիպտոսցին նախնական փուլում փորձ կհավաքի և հանդես կգա «կապտանռնագույնների» երկրորդ թիմի կազմում (Barça Atlètic)։
Սպասվում է, որ արդեն վաղը՝ հունվարի 31-ին, ֆուտբոլիստը կժամանի «Բարսելոնա»՝ բուժզննում անցնելու համար։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կատալոնական գրանդը կկարողանա Աբդելքարիմի տրանսֆերը վերջնականապես գնել 3 միլիոն եվրոյի դիմաց, իսկ ևս 5 միլիոն եվրո «Ալ-Ահլին» կարող է ստանալ հավելավճարների (բոնուսների) տեսքով։
























































