Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի օգնական Այտոր Կարանկան բացահայտել է «արքայական» ակումբի հանդերձարանում տեղի ունեցած դրամատիկ դրվագներից մեկը, որը կապված է պորտուգալացի մասնագետի և թիմի գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուի միջև ծագած վեճի հետ։
Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում՝ «Վալենսիայի» դեմ հանդիպման ժամանակ։
«Այդ խաղում Մոուրինյուն խիստ նկատողություն արեց Կրիշտիանուին։ Ռոնալդուն, հազիվ զսպելով արցունքները, բոլորի ներկայությամբ պատասխանեց նրան. «Ես քեզ այնքա՜ն եմ աջակցել…»», — պատմել է Կարանկան։
Մարզչի օգնականի կարծիքով՝ Մոուրինյուի կոշտ պահվածքը մարտավարական քայլ էր։
«Հնարավոր է՝ Ժոզեն դա ասաց միտումնավոր՝ նման արձագանք հրահրելու համար։ Նա կարծես ասում էր. «Ես քեզ քննադատում եմ ամբողջ հանդերձարանի ներկայությամբ, քանի որ հենց քեզ եմ ամենաշատը վստահում»։ Ժոզեի և մեր մարզչական շտաբի կայացրած բոլոր որոշումները բխում էին բացառապես թիմի շահերից», — Կարանկայի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «սերուցքայիններին» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։


























































