Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը արձագանքել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությանը, որի արդյունքում հայկական թիմին բաժին հասավ նիդերլանդական «ԱԶ Ալկմարը»։
«Տեղյակ ենք մեր մրցակցի որակներից և այն մարտահրավերից, որը մեզ սպասվում է։ Նրանք շատ ուժեղ թիմ ունեն․ դա ցույց են տալիս վերջին արդյունքները, ինչպես նաև այն փաստը, որ նրանք հանդես են եկել Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում, ինչը շատ բան է ասում նրանց մասին։ Սակայն մենք նույնպես հավատում ենք մեզ և առաջինից մինչև վերջին րոպեն առավելագույնը կտանք մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի համար», – Պերկովիչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Հայաստանում, իսկ պատասխան խաղը՝ փետրվարի 26-ին՝ մրցակցի հարկի ներքո։



























































