Անթալիայում ընթացող թենիսի ITF W35 կարգի երկրորդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող Անի Ամիրաղյանը շարունակում է գերազանց հանդես գալ։ Հայ մարզուհին հաջողել է հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը՝ ապահովելով իր տեղը մրցաշարի լավագույն քառյակում։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ամիրաղյանը մրցեց Սլովենիայի ներկայացուցիչ, WTA-ի վարկանիշային աղյուսակի 334-րդ համար Դալիլա Յակուպովիչի հետ։ Հանդիպումն անցավ հայ թենիսիստուհու թելադրանքով, և երկու սեթում՝ 6։2, 6։3 հաշվով, նա պարտության մատնեց մրցակցին։
Մեկնարկային փուլում նա առանց լուրջ դժվարության՝ 6։0, 6։4 հաշվով հաղթել էր թուրք Բահար Կիլիչին, իսկ 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել իսպանացի Մերիտշել Տեյշիդո Գարսիային (6։2, 6։2)։
Եզրափակիչի ուղեգրի համար Անին կմրցի իսպանացի մեկ այլ թենիսիստուհու՝ Անխելա Ֆիտա Բոլուդայի հետ։




























































