Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մահվան հետ։ Ակումբը խորին ցավակցություն է հայտնել անվանի մասնագետի հարազատներին և հայկական ֆուտբոլային ընտանիքին։
Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է Սիմոնյանի բացառիկ ներդրումը հայկական ֆուտբոլի պատմության մեջ։
«Անգնահատելի է նրա դերն ու ներդրումը հայկական ֆուտբոլում և «Արարատ-73»-ի պատմական հաջողությունների մեջ։ Նիկիտա Սիմոնյանն իսկապես մեծություն էր», — ասված է ուղերձում։
Ակումբը հիշեցրել է, որ հենց Սիմոնյանի գլխավորությամբ է «Արարատը» հասել իր պատմության գլխավոր նվաճումներին՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։
Բացի հայկական ֆուտբոլում ունեցած ավանդից, «Արարատը» շեշտադրել է նաև Սիմոնյանի փառահեղ ուղին որպես ֆուտբոլիստ և «Սպարտակի» լեգենդ։
«Ցավակցում ենք Նիկիտա Սիմոնյանի հարազատներին, հայկական ֆուտբոլի ընտանիքին և «Արարատի» բոլոր երկրպագուներին», — եզրափակել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 23-ին՝ կյանքի 100-րդ տարում:




























































