Իսպանիայի սպորտային վարչական տրիբունալը (TAD) գործ է հարուցել Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի դեմ՝ կապված «Բարսելոնայի» գաղտնի տեղեկությունների բացահայտման հետ։ Այս մասին հայտնում է AS-ը՝ հղում անելով դատարանի նյութերին։
Գործը վերաբերում է «Կամպ Նոու» մարզադաշտի նոր VIP-օթյակների վերաբերյալ տեղեկատվությանը։ 2025 թվականի ապրիլին Լա Լիգան հայտարարություն էր տարածել առ այն, որ «Բարսելոնան» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները՝ մասնավորապես չգրանցելով մարզադաշտի 475 VIP-տեղերի վաճառքից ստացված 100 միլիոն եվրոն։ «Բարսելոնան» լիգայի ղեկավարին մեղադրել էր գաղտնիության խախտման մեջ, ինչից հետո Լա Լիգան հեռացրել էր այդ տվյալները պաշտոնական կայքից։
Ավելի վաղ Իսպանիայի սպորտի ազգային խորհուրդը (CSD) որոշել էր, որ «Բարսելոնայի» ֆինանսական տվյալների հրապարակումը կարող է որակվել որպես շատ լուրջ խախտում, և բողոքը փոխանցել էր TAD-ին։
Եթե հետաքննությունը հաստատի Տեբասի կողմից կանոնների խախտման փաստը, պաշտոնյային սպառնում է երեք հնարավոր պատիժ՝ հրապարակային նկատողություն, ժամանակավոր հեռացում (երկու ամսից մինչև մեկ տարի ժամկետով) կամ զբաղեցրած պաշտոնից ազատում։



























































