«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում ասել է, որ շատ ուրախ է եղել թիմի կազմում իր 50-րդ գոլը խփելու համար:
Շաբաթ օրը ՌՊԼ-ի 12-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում հաղթեց Մախաչկալայի «Դինամոյին» (2:0): Սպերցյանը դարձավ առաջին գոլի հեղինակը, և այժմ թիմի կազմում անցկացրած 160 խաղում նա ունի 50 գոլ:
«Խաղից առաջ խոսել էի Կորդոբայի հետ: Նա ասաց, որ մոտ մնամ իրեն, քանի որ Ջոնը կարող է գնդակը հետ գցել, և ես հնարավորություն կունենամ: Այդպես էլ եղավ: Շատ ուրախ եմ, երջանիկ և հպարտ, որ «Կրասնոդարի» կազմում խփեցի 50-րդ գոլս և օգնեցի թիմին հաղթել», – ասել է Սպերցյանը «Բոլորը դեպի Մատչ» հաղորդման եթերում:
«Կրասնոդարը» 26 միավորով երկրորդն է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում: Մուրադ Մուսաևի թիմը հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 26-ին, կհյուրընկալի Կազանի «Ռուբինին»:




























































