Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ինչպես նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Facebook-յան գրառումով աջակցել է մեր ընտրանու ներկայիս ավագ Տիգրան Բարսեղյանին։
«Բոլորս էլ կարող ենք սխալվել, Տիգրան Բարսեղյանը բացառություն չէ։ Ֆուտբոլը խաղ է որտեղ կարող են սխալվել բոլորը, ու սխալվում են և սխալվելու են բոլորը։ Ուղղակի ֆուտբոլում շատ դեպքերում չենք նկատում սխալները, քանի որ այն թիմային խաղ է, և շատ դեպքերում խաղընկերոջ սխալները ուղղում են նրա խաղընկերները։ Ու այդպես շատ խաղերում Տիգրանը օգնել է իր խաղընկերներին։ Ինչպես այդ օրը իր ընկերների շատ սխալներ ուղղեց Հենրի Ավագյանը։ Պետք է հարգենք, գնահատենք, և չմոռանանք Տիգրանի երկար տարիների աշխատանքն ու նվիրվածությունը մեր հավաքականին»,– գրել է Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի Իռլանդիա – Հայաստան (1:0) խաղի 52-րդ րոպեին Բարսեղյանը կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից՝ եզրային գծի մոտ Ազազի դեմքին գլխով հարվածելու համար։



























































