Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ միշտ վախեցել է սնանկանալուց, այդ իսկ պատճառով գիտակցաբար փորձել է շքեղ կյանք չվարել և կենտրոնացել է այն բանի վրա, թե ինչ կլինի իր հետ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո։
«Մի բան կար, որը միշտ վախեցրել է ինձ։ Կարդում ես հոդվածներ այն մասին, որ մարդիկ պրոֆեսիոնալ սպորտին հրաժեշտ տալուց հետո սնանկանում են։ Նրանք չգիտեն, թե ինչպես կառավարեն իրենց գումարները, չգիտեն, թե ինչպես ապրեն հետո։
Կարծում եմ, որ շատ մարզիկներ շքեղ կյանք են վարում։ Ես փորձում եմ դա չանել։ Միշտ մտածել եմ այն մասին, թե ինչպիսին կլինի իմ կյանքը ֆուտբոլից հետո։ Երբ ավարտեմ, կդադարեմ աշխատավարձ ստանալ։ Ինչպե՞ս են մարդիկ այդ դեպքում վերակառուցում իրենց կյանքը։
Այդ իսկ պատճառով ես ի սկզբանե փորձել եմ դիվերսիֆիկացնել իմ եկամուտները։ Միշտ միտք եմ ունեցել, որ իմ գումարները ներդնելու եմ տարբեր բաների մեջ։ Եթե մի հենարան կտրվի ու չաշխատի, ամբողջ շենքը չի փլուզվի», — Marca-ն մեջբերում է Բեյլի խոսքերը՝ հղում անելով Front Office Sports-ին։


























































