Ջեք Ուիլշերը դարձել է «Լութոն Թաունի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 33-ամյա մասնագետի ստորագրած պայմանագրի ժամկետը չի հրապարակվում։
«Ես ցանկանում եմ «Լութոն Թաունի» երկրպագուներին նվիրել մի թիմ, որով նրանք կկարողանան հպարտանալ։ Այս ուղղությամբ աշխատանքը սկսվում է այսօր», — հայտարարել է Ուիլշերը։
«Լութոն Թաունը» ներկայացնում է Անգլիայի ֆուտբոլային դիվիզիոնի երրորդ ուժը հանդիսացող Առաջին լիգան (Լիգա 1)։
Անցյալ մրցաշրջանի արդյունքներով թիմը դուրս էր մնացել Չեմպիոնշիփից, իսկ նախանցած մրցաշրջանի արդյունքներով՝ Պրեմիեր լիգայից։
Ուիլշերը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2022 թվականին, որից հետո սկսել է իր առաջին քայլերը մարզչական ասպարեզում։ Սկզբում նա աշխատել է «Արսենալի» երիտասարդական թիմի հետ, ապա ընդգրկվել «Նորվիչի» մարզչական շտաբում։




























































