«Բարսելոնան» հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում, որտեղ ասվում է, որ թիմի վերադարձը վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտ կրկին հետաձգվել է։ Անհրաժեշտ վարչական թույլտվությունները դեռևս չեն ստացվել։
Արդյունքում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Լա լիգայի հաջորդ տնային խաղը «Խետաֆեի» դեմ կանցկացնի «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում, որը տեղավորում է 6000 հանդիսական։
«Բարսելոնան» մամուլի հաղորդագրության մեջ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ըմբռնման համար։
«Կապտանռնագույնները» նախատեսել էին օգոստոսին վերադառնալ «Կամպ Նոու», սակայն ակումբը չի կարողացել ստանալ շինարարական աշխատանքների հետ կապված անհրաժեշտ վարչական թույլտվությունները։
Լա լիգայի 5-րդ տուրի «Բարսելոնա» — «Խետաֆե» հանդիպումը կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։



























































