Ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն լոնդոնյան «Չելսիից» տեղափոխվել է «Միլան», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Միլանի» հետ մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Ըստ լրատվամիջոցների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 37 միլիոն եվրո, իսկ «Չելսին» կարող է ստանալ ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Նկունկուն «Չելսիում» հանդես է եկել 2023 թվականի ամառից։ Ակումբի կազմում նա մասնակցել է 62 խաղի, խփել 18 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Նրա մասնակցությամբ թիմը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում և Ակումբային աշխարհի առաջնությունում։ Մինչ այդ նա խաղացել է Գերմանիայի «Լեյպցիգ» և Ֆրանսիայի ՊՍԺ ակումբներում։ Ֆրանսիայի հավաքականում Նկունկուն անցկացրել է 14 հանդիպում և խփել 1 գոլ։



























































