«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսը խոստովանել է, որ մոտ ապագայում կավարտի իր պրոֆեսիոնալ կարիերան։
37-ամյա Բուսկետսի պայմանագիրը ամերիկյան ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի վերջը։ Մինչ ԱՄՆ տեղափոխվելը՝ 2023 թվականին, իսպանացի կիսապաշտպանը հանդես էր գալիս «Բարսելոնայում»։
— Եվրոպական ֆուտբոլի գլուխը փակվեց, երբ ես պայմանագիր կնքեցի «Ինտեր Մայամիի» հետ։ Ես չեմ վերադառնա Իսպանիա կամ Եվրոպա։ Իմ տարիքում ես ընդունում եմ դա։ Պայմանագրի երկարաձգման կամ կարիերայի ավարտի մասին պաշտոնական որոշումներ դեռ չկան, սակայն ես շատ ավելի մոտ եմ կարիերաս ավարտին, քան դրա շարունակությանը, — ասել է Բուսկետսը BeIN Sports-ի հետ զրույցում։
Բուսկետսը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, Իսպանիայի իննակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։




























































