«Բարսելոնան» դեռևս չի կարող խաղեր անցկացնել «Կամպ Նոու» մարզադաշտում, նույնիսկ սահմանափակ տարողունակությամբ, քանի որ ակումբը չի ստացել անհրաժեշտ լիցենզիա։ Քանի որ վերանորոգված «Կամպ Նոու» արագ վերադարձը երաշխավորված չէ, կատալոնական ակումբը մշակել է պլան «Բ»:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» համաձայնության է եկել քաղաքապետարանի հետ մինչև փետրվարի վերջ «Օլիմպիական» մարզադաշտն օգտագործելու վերաբերյալ։ Հենց այս մարզադաշտում էին «կապտանռնագույնները» հանդես եկել նախորդ մրցաշրջանում։
Համաձայնագիրը չի ներառում «Բարսայի» մրցաշրջանի առաջին տնային խաղը՝ սեպտեմբերի 14-ին «Վալենսիայի» դեմ։ Այդ հանդիպումը չի կարող անցկացվել «Օլիմպիական» մարզադաշտում՝ համերգի պատճառով։ Հնարավոր է, որ Ֆլիկի գլխավորած թիմը ստիպված լինի խաղալ «Կամպ Նոուում» առանց հանդիսականների, թեև դիտարկվում են նաև այլ տարբերակներ։
ՈւԵՖԱ-ի կանոնները ևս գլխացավանք են ստեղծում «Բարսելոնայի» համար։ Դրանց համաձայն՝ թիմը պետք է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի բոլոր տնային հանդիպումները անցկացնի մեկ մարզադաշտում։ Այսինքն՝ լիգայի փուլի ընթացքում անհնար կլինի տեղափոխվել «Կամպ Նոու»։ Միաժամանակ, «Բարսելոնան» դեռ հույս ունի շուտով ստանալ լիցենզիա, որը թույլ կտա մասնակիորեն լցնել «Կամպ Նոուն»։



























































