«Բարսելոնայի» Կամպ Նոու մարզադաշտի վերակառուցումը կարող է ձգձգվել մինչև սեպտեմբերի կես։ Չնայած սկզբնական լավատեսական հաշվետվություններին, որոնք վստահություն էին ներշնչում մարզադաշտի շուտափույթ բացման լիցենզիայի ստացման վերաբերյալ, նոր խնդիրներ են առաջացել։
Catalunya Ràdio-ի փոխանցմամբ՝ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են անվտանգության համակարգի թերություններ։ Ի սկզբանե ծրագրվում էր բացել տրիբունաները 27 հազար երկրպագուների համար, սակայն նախագծի հաստատման քննարկումը հետաձգվել է։
Ակումբը նպատակ ունի ավարտին հասցնել աշխատանքները մինչև սեպտեմբերի 14-ը՝ «Վալենսիայի» դեմ տնային խաղին ընդառաջ։ Եթե դա չհաջողվի, խաղը կարող է անցկացվել փակ տրիբունաներով։ Բացի այդ, օգոստոսի 28-ին «Բարսելոնան» պետք է տեղեկացնի ՈւԵՖԱ-ին Չեմպիոնների լիգայի տնային խաղերի անցկացման վայրի մասին։ Ակումբը խնդրել էր թույլ տալ խմբային փուլի առաջին խաղն անցկացնել արտագնա, սակայն ՈւԵՖԱ-ն մերժել է՝ նշելով, որ նման բացառություններ չեն արվում։
Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 16–18-ը, իսկ երկրորդ տուրը՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին։ Եթե Կամպ Նոուն մինչ այդ պատրաստ չլինի, «Բարսելոնան» ստիպված կլինի եվրագավաթային խաղերն անցկացնել «Մոնժուիկ» օլիմպիական մարզադաշտում՝ գոնե մրցաշրջանի առաջին կեսում։



























































