«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է առաջին թիմի պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կատալոնական ակումբը շնորհակալություն է հայտնել իսպանացի ֆուտբոլիստին երկու մրցաշրջանների ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և «կապտանռնագույնների» մարզաշապիկով թիմին մատուցած ծառայությունների համար:
«Շնորհակալություն ամեն ինչի համար, Ինյիգո: Մաղթում ենք հաջողություններ և հաղթանակներ ապագայում», — նշված է ակումբի հայտարարությունում:
Մարտինեսը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2023 թվականին: Առաջին մրցաշրջանում՝ Խավի Էրնանդեսի գլխավորությամբ, նա մասնակցել է 25 խաղի, իսկ երկրորդ մրցաշրջանում՝ Հանսի Ֆլիկի ղեկավարությամբ, դարձել է հիմնական կազմի առանցքային խաղացող՝ անցկացնելով 46 հանդիպում:
19-ամյա Պաու Կուբարսիի հետ միասին Մարտինեսը կենտրոնական պաշտպանությունում եղել է թիմի առաջնորդներից մեկը՝ օգնելով «Բարսելոնային» նվաճել Իսպանիայի տրիպլետը՝ Լա Լիգայի, Իսպանիայի Սուպերգավաթի և Իսպանիայի Գավաթի տիտղոսները:
Ընդհանուր առմամբ, նա «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 71 խաղ, որոնցից 61-ում՝ մեկնարկային կազմում, խփել է 3 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
Իսպանական մամուլի տեղեկություններով՝ 34-ամյա բասկ պաշտպանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում:


























































