«Բարսելոնան» անսպասելիորեն կորցնում է իր հիմնական պաշտպաններից մեկին՝ Ինյիգո Մարտինեսին՝ առանց որևէ ֆինանսական փոխհատուցման։ 34-ամյա իսպանացի ֆուտբոլիստը խզում է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և տեղափոխվում է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ։
Տեղափոխությունը հնարավոր է դարձել պայմանագրում ներառված հատուկ կետի շնորհիվ, որը թույլ է տվել Մարտինեսին ազատ հեռանալ՝ Սաուդյան Արաբիայից շահավետ առաջարկ ստանալու դեպքում։ «Ալ Նասրն» առաջարկել է տարեկան մոտ 15 միլիոն եվրո աշխատավարձ՝ չհաշված հարկերը։ Ինքը՝ ֆուտբոլիստը, այս պայմանագիրը համարում է «կարիերայի պայմանագիր»։
Սկզբում հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կստանա 5-10 միլիոն եվրո, սակայն պարզվել է, որ այդ գումարները հիմնականում կուղղվեն միջնորդավճարներին և Մարտինեսի բոնուսներին։ Արդյունքում՝ «Բարսելոնան» գրեթե ոչինչ չի ստանում։
Մարտինեսի հեռացումը, այնուամենայնիվ, թույլ է տալիս ակումբին խնայել 12-14 միլիոն եվրո աշխատավարձի ֆոնդից։ Սա կարող է կարևոր դեր խաղալ նոր խաղացողների, օրինակ՝ Մարկուս Ռեշֆորդի և դարպասապահ Ժոան Գարսիայի գրանցման համար։ Այդուհանդերձ, փորձագետների կարծիքները տարբեր են՝ արդյո՞ք այս խնայողությունը բավարար կլինի նոր գրանցումներ իրականացնելու համար։
Ինյիգո Մարտինեսը «Բարսելոնայի» պաշտպանության առանցքային խաղացողներից էր, հատկապես Հանսի Ֆլիկի գլխավորությամբ։ Նա աչքի էր ընկնում ագրեսիվ խաղով, ճշգրիտ դիրքավորմամբ և բարձրորակ փոխանցումներով։ Նրա ձախ ոտքը մեծ առավելություն էր թիմի խաղի կառուցման գործում։
«Բարսելոնան» այժմ կորցնում է եզակի խաղաոճով պաշտպան, և դեռ պարզ չէ, թե ով կփոխարինի նրան։ Կրիստենսենն ու Արաուխոն բախվում են առողջական և խաղային հարմարվողականության հետ կապված խնդիրների։

























































