«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը բարձր է գնահատել թիմի 10-օրյա ասիական հավաքը՝ «Դեգուի» դեմ երրորդ խաղում տարած ջախջախիչ հաղթանակից հետո: Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։
Գերմանացի մասնագետը նշել է.
«Մենք ավարտեցինք նախամրցաշրջանի ամենակարևոր փուլերից մեկը: Ինձ համար ամենակարևորն այն էր, որ լավ մարզվենք: Մենք տեսանք այն, ինչ ցանկանում էինք տեսնել: Սա հիանալի փորձություն էր»:
Ֆլիկը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Կորեայում ցուցաբերած աջակցության համար՝ ասելով.
«Երկրպագուների աջակցությունը հիանալի էր: Հուսով եմ՝ նրանք հաճույք ստացան մեր երկու խաղերից Կորեայում»:
Նա անդրադարձել է Պաու Կուբարսիի վնասվածքին, որը, բարեբախտաբար, լուրջ չէ՝ պարզապես ձախ ծնկին ստացած հարված: Ֆլիկը գովեստով խոսել է Ժերար Մարտինի մասին, ով հաջողությամբ հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում, և նշել.
«Ուրախ էի տեսնել, որ Ժերարը կարող է խաղալ կենտրոնում: Ինչպես անցած մրցաշրջանում տեսանք, Էրիկը կարող էր խաղալ աջ պաշտպանի դիրքում»:
Մարզիչը նաև ընդգծել է, որ Ռեշֆորդը հարմարավետ է խաղում ինչպես ձախ եզրում, այնպես էլ կենտրոնական հարձակվողի դիրքում: «Դեգուի» դեմ խաղում Ռեշֆորդը խաղացել է կենտրոնում, քանի որ Ֆերան Տորեսը բացակայել է թեթև անհանգստությունների պատճառով: Ինյիգո Մարտինեսը և Ֆերմինը նույնպես չեն մասնակցել խաղին՝ կանխարգելիչ նկատառումներով:


























































