«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է 70 միլիոն եվրո առաջարկել 22-ամյա խաղացողի համար։ «Կարմիր սատանաները» նաև շռայլ պայմաններ կառաջարկեն կիսապաշտպանի համար․ նրա աշխատավարձը կկրկնապատկվի։ Նման խոշոր վաճառքը «կապտանռնագույններին» հնարավորություն կտա վերադառնալ 1:1 ֆինանսական կանոնին, հանգիստ գրանցել բոլոր նորեկներին և նույնիսկ կատարել ևս մեկ ձեռքբերում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամաբ` թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն արդեն որոշել է՝ Լոպեսը որևէ տեղ չի հեռանալու։ Ինքը՝ իսպանացին, նույնպես չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը։
Transfermarkt-ը Ֆերմին Լոպեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։






















































