«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնում է, որ կատալոնական ակումբը չեղարկել է ճապոնական «Վիսել Կոբեի» հետ նախատեսված ընկերական հանդիպումը՝ կազմակերպիչների կողմից պայմանագրային լուրջ խախտումների պատճառով։
Հանդիպումը նախատեսված էր կայանալ կիրակի օրը, սակայն «կապտանռնագույնները» հայտարարել են, որ խաղը չի կայանա՝ պայմանագրի խախտումների հետևանքով։
«Ակումբը ցավում է այս միջադեպի և այն ազդեցության համար, որը կունենա Ճապոնիայում մեր բազմաթիվ երկրպագուների վրա», – նշված է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, ակումբը հայտնել է, որ պատրաստ է վերանայել իր ամառային շրջագայության ժամանակացույցը Հարավային Կորեայում, որտեղ նախատեսված են հանդիպումներ «Սեուլի» (հուլիսի 31-ին) և «Տեգուի» (օգոստոսի 4-ին) հետ, եթե կազմակերպիչները կատարեն որոշակի պայմաններ։






















































