«Լիվերպուլը» կապ է հաստատել «Նյուքասլի» հետ՝ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները պատրաստ են քննարկել 138 միլիոն եվրոյի գործարքը, որը կգերազանցի այս ամառ թիմին միացած Ֆլորիան Վիրծի տրանսֆերը, որն այժմ համարվում է ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը՝ 135 միլիոն եվրոյով։
Չնայած «Լիվերպուլի» հետաքրքրությանը՝ «Նյուքասլի» դիրքորոշումը դեռևս մնում է անփոփոխ․ Իսակը չի վաճառվում։ 25-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես մանրամասներ է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Եթե «Լիվերպուլը» չկարողանա պայմանագիր կնքել Իսակի հետ, «կարմիրները» պատրաստվում են ձեռք բերել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Հյուգո Էկիտիկեին։



























































