Շատ լուրջ վնասվածքները հանգիստ չեն թողնում ոչ միայն Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմի խաղացողներին, այլ նաև ակումբի սաներին։ Ակումբի տաղանդներից մեկը ստիպված է եղել ավարտել կարիերան դեռ չսկսած։
«Սերուցքայինների» ակադեմիայի ամենահեռանկարային խաղացողներից մեկը՝ 19-ամյա Մարկ Կուկալոնը պաշտոնապես հայտարարել է, որ այլևս չի զբաղվելու ֆուտբոլով։
Պատճառը ծնկի շատ լուրջ վնասվածքն է, որը նա ստացել է դեռ 2022 թվականին։ Նա պատռել է ծնկի խաչաձև կապանները ու ավելի քան մեկ տարի ապաքինվել։
Երբ Մարկ Կուկալոնը վերսկսեց մարզումները, պարզվեց, որ նա ծնկի ինֆեկցիա ունի, որն այլևս թույլ չի տա նրան ֆուտբոլ խաղալ։
Կուկալոնը խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Իր կարճատև կարիերայի ընթացքում նա 4 հանդիպում է անցկացրել ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայում։























































