«Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած մրցաշրջանի 1-ին տուրի՝ «Իպսվիչ Թաունի» հետ խաղից հետո (2:0) մեկնաբանել է իր մրցելույթն ԱՊԼ առաջին տուրերում: Սալահը ԱՊԼ-ի պատմության լավագույն խաղացողն է առաջին տուրերում խփած գոլերի և գոլային փոխանցումների քանակով:
«Հուսով եմ, որ կարող եմ այսպես շարունակել ամբողջ մրցաշրջանը և ոչ միայն առաջին խաղը: Անընդհատ փորձում եմ օգնել թիմին։ Կարևորը, որ թիմը հաղթի իր խաղերում։ Ես միշտ ուրախ եմ գոլեր խփելու և գոլային փոխանցումներ կատարելու համար, այնպես որ պետք է շարունակեմ նույն ոգով»,- Սալահի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Եգիպտացի ֆուտբոլիստը կատարել է 14 արդյունավետ գործողություն (9 գոլ և 5 գոլային փոխանցում) և այս ցուցանիշով շրջանցել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիին (13): Սալահը նաև առաջին տեղում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղերում խփած գոլերի քանակով (9)՝ շրջանցելով Ռունիին, «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին և «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերին։ Այս բոլոր ֆուտբոլիստները Պրեմիեր լիգայի իրենց առաջին խաղերում ութ գոլի հեղինակ են դարձել: