«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը կարծիք է հայտնել, թե որ թիմը նոր մրցաշրջանում կդառնա Անգլիայի չեմպիոն։
«Անցյալ տարի ես վստահ էի, որ «Արսենալը» կհաղթի Պրեմիեր լիգան, և ես հավատարիմ կմնամ այդ մտքիս նաև այս մրցաշրջանում: Նրանք տարեցտարի ավելի լավանում են և առաջընթաց են ապրում:
Ակնհայտ է, որ նրանց դիմագրավում է լիգայի ուժեղագույն թիմերից մեկը՝ Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին», ուստի միշտ էլ դժվար է լինելու: Այնուամենայնիվ, ես զգում եմ, որ «Արսենալը» կայունություն ունի մարզիչ Միկել Արտետայի հետ և կայունություն մի թիմում, որը դեռ բարելավվում է:
Չի կարելի դուրս թողնել «Մանչեսթեր Սիթիին», բայց կրկին ընտրում եմ «Արսենալը». Նրանք այնքան մոտ էին հաղթանակին նախորդ տարի, և ես կարծում եմ, որ այս անգամ նրանք կարող են ևս մեկ քայլ անել»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Այսօր՝ օգոստոսի 16-ին, մեկնարկում է Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը։ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆուլհեմ» հանդիպումը կկայանա Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































