«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Չելսիի» հետ խաղից առաջ առողջական խնդիրներ ունի, ասել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղի հիմնական ժամանակից հետո Հոլանդը հարկադրաբար փոխարինվեց։ Լրացուցիչ ժամանակի ավարտից առաջ փոխարինում էր խնդրել նաև կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն։
«Քևինը լավ է: Վնասվածքի պատճառով հինգ ամիս դուրս մնալուց հետո նա ուժասպառ և շատ հոգնած էր զգում, ինչը նորմալ է: Էրլինգը ինչ-որ բան զգաց, մկանային խնդիրներ։ Հոլանդը խնդիրներ ունի, մենք կտեսնենք, թե ինչպես է նա իրեն զգում առաջիկա ժամերին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում London Evening Standard-ը:
«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» կխաղան ապրիլի 20-ին Լոնդոնի «Ուեմբլիում»: