«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալին» պարտվելուց հետո (1:1, 3:4՝ 11-մ.) նշել է, որ անգլիական թիմն անարժանիորեն է դուրս մնացել հետագա պայքարից:
Պատասխան խաղում «Սիթին» գնդակին տիրելու 67 տոկոս ցուցանիշ է գրանցել և մրցակցի դարպասին կատարել է 30 հարված՝ «Ռեալի» 8-ի դիմաց:
«Անկեղծ ասած, ես խաղադաշտում միայն մեկ թիմ եմ տեսել: Նրանք պաշտպանվում էին և գիտեին, թե ինչպես դիմակայել, և մենք գիտենք, թե որքան դժվար է խաղալ «Ռեալի» դեմ։ Բայց, իմ կարծիքով, պահերի և մնացած ամեն ինչի տեսանկյունից մենք պետք է անցնեինք հաջորդ փուլ։ Սա է այս մրցաշարի ողջ դժվարությունը։ Նրանք գիտեն, թե ինչպես խաղալ, և ես շնորհավորում եմ նրանց»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ։