ԱՊԼ-ն դիտարկում է Անգլիայի առաջնության մնացած հանդիպումներն առանց հանդիսականների և չեզոք դաշտում անցկացնելու տարբերակը, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մնացած 92 խաղերը կարող են անցկացվել փակ տրիբունաների ներքո՝ չեզոք դաշտում: Հնարավոր է՝ խաղերն անցկացվեն Միդլենդսում: Ընդ որում, բոլոր խաղերը կցուցադրվեն ուղիղ եթերում: Չի բացառվում, որ մեկ օրում մի քանի խաղ կայանա մարզադաշտում, իսկ թիմերը 3 օրը մեկ խաղ ունենան:
Սա կապված է այն ռիսկերի հետ, որ ԱՊԼ-ն չի կարողանա ավարտել մրցաշրջանը, քանի որ ավելի շատ հանդիպումներ ունի անցկացնելու, քանի Իտալիայում կամ Իսպանիայում:
Նման գործողությունները նաև նվազագույնի կհասցնեն մարզադաշտերում բժիշկների ու ոստիկանների քանակն ու երկրպագուներին թույլ չեն տա գալ մարզադաշտ, ինչպես դա տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-«Բորուսիա» խաղում:
Հիշեցնենք՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ ճանաչեց: Վիրուսի վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի վերջերին Չինաստանի Վուհան քաղաքում: Դրանից հետո այն ներթափանցել է աշխարհի ավելի քան 150 երկիր: Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 190 հազար դեպք է գրանցվել, որից ավելի քան 7 հազարը՝ մահվան ելքով: