Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն տեղեկատվությանը, որ շուտով կարող է ստեղծվել եվրոպական սուպերլիգա, որը կփոխարինի Չեմպիոնների լիգային։
«Այս հարցում կարծիք հայտնելու համար պետք է սպասել և տեսնել, թե ինչ կլինի դեկտեմբերի 21-ին։ Գուցե ինչ-որ կարևոր բան տեղի ունենա, որը կփոխի ներկայիս ֆուտբոլի պատմությունը։ Խաղերի օրացույցը և շատ ավելին կփոխվեն: Բայց մենք պետք է համբերատար լինենք»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցում է 50-60 ակումբների հետ Սուպերլիգայի ստեղծման շուրջ, որը կարող է ներառել երկու կամ երեք դիվիզիոն։ Դեկտեմբերի 21-ին կկայանա Եվրոպական միության հակամենաշնորհային հայցով դատը՝ ընդդեմ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի: Եթե այն բավարարվի, ապա ակումբները կկարողանան առանց հետևանքների հրաժարվել մասնակցել այդ կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։
























































