«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում խփել է ընդամենը մեկ գնդակ։ Դա տեղի է ունեցել առաջին տուրում՝ «Անտվերպենի» հետ տնային խաղում (5:0): Այսպիսով, 35-ամյա հարձակվողը 2011/2012 մրցաշրջանից հետո առաջին անգամ մեկ գոլ է խփել խմբային փուլում։ Այդ ժամանակ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում»:
2019/2020 մրցաշրջանը Լևանդովսկու համար ամենահաջողն էր խմբային փուլում խփած գոլերի առումով։ Չեմպիոնների լիգայի այդ խաղարկությունում «Բավարիայի» կազմում Ռոբերտը խմբային փուլի վեց հանդիպումներում 10 անգամ գրավել է մրցակիցների դարպասները:
Ընդհանուր առմամբ, Լևանդովսկին այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 30 միլիոն եվրո։