Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում ամփոփել է Բելգրադում վերջերս ավարտված ԱԱ-ն։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, թիմային հաշվարկում զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը: Մեր թիմի կազմում աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել էր ԱԱ-ի արծաթե մեդալակիր, իսկ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Ալեքսանյանը, Ամոյանը, ինչպես նաև Սլավիկ Գալստյանը նաև Փարիզ-2024-ի ուղեգրեր են նվաճել։
«Եթե խոսենք ընդհանուր մասնակցությունից և մեդալների գույներից ու քանակից՝ գոհ չեմ։ Ուրախալի է նվաճած ուղեգրերի քանակը. Հայաստանն ու Կուբան են ամենաշատ ուղեգրերը նվաճել։ Ամեն ինչ կարող էր ավելի լավ դասավորվել, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Առաջ ենք շարժում»,- նշել է մասնագետը։
Արմեն Բաբալարյանը նաև տեղեկացրել է, որ թիմն այժմ ուսումնամարզական 2 հավաքով կնախապատրաստվի հոկտեմբերի վերջին կայանալիք Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Ալբանիայում։ Այնուհետև ըմբիշները կնախապատրաստվեն Հայաստանի առաջնությանը։