Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի Փյունիկ-Բուդյո Գլիմտ խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը։
«Շատ լավ հասկանում էինք ինչ թիմի հետ գործ ունեինք։ Մենք այսօր տեսանք իրենց որակը։ Առաջին 30 րոպեն գնում էր մեր պլանով, սակայն 11 մետրանոցից հետո ամեն ինչ փոխվեց ու իմ թիմն անճանաչելի դարձավ։ Ընդմիջումից հետո փոփոխություններ կատարեցինք, ճիշտ է 2 գոլ բաց թողեցինք, սակայն ավելի լավ խաղակես անցկացրեցինք։ Այսքանով էինք պատրաստ։ Չկարողացանք անցնել հաջորդ փուլ, բայց ամոթ չէ «Բուդյո Գլիմտին» չանցնելը։ Շնորհավորում եմ մրցակցին ու շնորհակալ եմ երկրպագուներին։ Շատ օգնեցին մեզ, բայց խնդրում եմ մեզ էլ հասկանալ, ունենք այն, ինչ ունենք։ Լարվածություն չկար, ուղղակի զգացնել տվեց մրցակցի որակը։ Որակով թիմը նաև երևում է առանց գնդակով խաղի ժամանակ, այսինքն մենք տեսանք նրանց որակը պաշտպանվելիս ու հարձակվելիս։ Ես ֆուտբոլիստներին ասել էի, որ պետք է նյարդերը պահել։ Մալաքյանի մոտ դա չստացվեց, դրա համար փոխարինեցի։ Դեռ կխոսեմ նրա հետ։ Այս խաղն անհաջող խաղ էր, բայց մենք կշարժվենք առաջ»,-ասաց Մելիքյանը։