«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն իր կարծիքն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Դեբրեցենի» հետ հանդիպման (0-1) վերաբերյալ․
«Առաջին խաղակեսը փոփոխական առավելությամբ ընթացավ։ Մրցակիցն ուներ գոլային հնարավորություններ, հետո մենք խլեցինք առավելությունը, վտանգավոր պահեր ունեցանք։ Առաջին խաղակեսի վերջնամասում առավելությունն անցավ արդեն մեզ։ Երկրորդ խաղակեսի սկզբում անուշադրության պատճառով գոլ ընդունեցինք, կարելի է ասել՝ լավ ֆուտբոլ էր, բայց արդյունքը խիստ հիասթափեցնող է ինձ համար․ մեր խաղադաշտում պետք է հաղթեինք։
Այնուամենայնիվ, մենք հոգեբանորեն չենք ընկճվում, միանշանակ, որովհետև այսօրվա խաղը, մեր ցուցադրած ֆուտբոլը ցույց տվեց, որ մեր թիմն ի զորու է անցնել «Դեբրեցենի» արգելքը»,- ասել է Վահե Գևորգյանը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ հինգշաբթի՝ օգոստոսի 3-ին, Հունգարիայում։