Մեկ ամսից հունահռոմեական ոճի ըմբիշներն Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Իսկ մինչ այդ՝ մայիսի վերջին Հայաստանում միջազգային մրցաշար է անցկացվելու՝ նվիրված առաջին հայ աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:
«Սերբիայում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի թիմն ուսումնամարզական հավաքներ է անցկացնելոև Ծաղկաձորում, Լեհաստանում և Գյումրիում: Վերջին հավաքը տեղի կունենա Երևանում»,- ասել է մարզիչը:
Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի խոսքով՝ այս տարվա գլխավոր իրադարձությունը Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնությունն է.
«Եվրոպայի առաջնությունում, իհարկե, ավելի շատ մեդալների ակնկալիք ունեինք, բայց փորձենք դա անել աշխարհի առաջնությունում: Պետք է վերլուծենք թերություններն ու աշխատենք դրանց շտկելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի առաջնությունում կարողանանք օլիմպիական ուղեգրեր նվաճել: ՕԽ-ին մասնակցելու ենք 6 քաշային կարգերում: Տա Աստված, աշխարհի առաջնությունում այդ ուղեգրերն ապահովենք»,- ընդգծել է Գևորգ Ալեքսանյանը: