Ադրբեջանի ծանրամարտի հավաքականն ու նրանց ուղեկցող պատվիրակությունը՝ շուրջ 12 հոգի, արդեն ժամանել են Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին այսօր կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի մասնակցությանը Երևանում կայանալիք միջոցառմանը՝ Արայիկ Հարությունանը մասնավորապես ասել է.
«Իհարկե, ընդունող երկիրը Հայաստանն է, բայց սա միջազգային ֆեդերացիայի և Եվրոպական ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն է, և բոլոր այն մարզիկները, որոնք ցանկանում են մասնակցել, մենք պետք է ընդունենք: Սա մեծ հանձնառություն է: Անվտանգային հարցեր ենք քննարկել Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և անընդհատ շեշտել ենք, որ ինչպես մյուս մարզիկների, այնպես էլ իրենց մարզիկների անվտանգությունը պատրաստ ենք ապահովել: Լրացուցիչ երաշխիքներ են խնդրել, և մենք դա էլ ենք ապահովել: Մեկ ամիս առաջ Հայաստանում հյուրընկալեցինք Թուրքիայի ֆուտբոլի հավաքականին: Որևէ միջադեպ տեղի չունեցավ այդ խաղի ժամանակ: Անգամ ՈՒԵՖԱ-ում բարձր գնահատեցին այդ փաստն ու այն, որ Հայաստանը պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Վստահ եմ՝ այս առաջնությունը նույնպես իր հիմքում ունենալու է մարզական բաղադրիչը, այլ ոչ՝ քաղաքական»:
Մանրամասնելով, թե ինչ լրացուցիչ երաշխիքների մասին է, Արայիկ Հարությունյանը նշել է, որ խոսքն օդանավակայանում դիմավորելու, ուղեկցելու, հյուրանոցում անվտանգության ներկայացուցիչների աշխատանքն ապահովելու մասին է:
Արայիկ Հարությունյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ վերջնական պայմանավորվածություն ունեցել են Տեղ գյուղում տեղի ունեցած մարտական գործողություններից առաջ, որի ընթացքում հայկական կողմը զոհեր և վիրավորներ է ունեցել: Այն հարցին, թե արդյոք նախատեսվում է բացման արարողության ժամանակ լռության րոպե հայտարարել, Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ հարցը կքննարկեն կազմակերպիչների հետ:
Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ մարզիկները չեն մասնակցելու բացման արարողությանը, իսկ դրոշների շքերթը բոլորովին այլ կերպ է կազմակերպվելու և լինելու է ամենագեղեցիկ պահերից մեկը:
Հիշեցնենք, որ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու են եվրոպական 40 երկրի 380 մարզիկներ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: