«Մանչեսթեր Սիթին» անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրում հյուրընկալվելիս մրցել է «Լեսթեր Սիթիի» հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ տարել՝ փոխարինման մտած Գաբրիել Ժեզուսի միակ գոլի շնորհիվ:
Ժեզուսը խաղավարտին՝ 80-րդ րոպեին է կարողացել գրավել մրցակցի դարպասն ու առաջ մղել մանկունիացիներին: Բրազիլացին «Լեսթեր Սիթիի» դեմ անցկացրած 4 խաղում 4 գոլ է խփել:
Մինչդ այդ՝ 61-րդ րոպեին, հօգուտ հյուրերի նշանակվել է 11-մետրանոց հարված. Իլկայ Գյունդողանի հարվածից հետո գնդակը դիպել է տանտերերի կիսապաշտպան Դենիս Պրայետի ձեռքին: Վերահաս գոլից «աղվեսներին» փրկել է դարպասապահ Կասպեր Շմեյխելը՝ հետ մղելով Սերխիո Ագուերոյի հարվածը:
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին», վաստակելով 57 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատար «Լիվերպուլին» Խոսեպ Գվարդիոլայի սաները զիջում են 19 միավորով, իսկ «Լեսթերին», որը եզրափակում է լավագույն եռյակը, գերազանցում են արդեն 7 միավորով: