Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն այսօր պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» հետ։
Հարոյանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 1,2 մլն եվրո։ Այս ցուցանիշով Հարոյանը Կիպրոսի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակում է՝ կիսելով 6-9-րդ տեղերը։
Հայ ֆուտբոլիստը նաև ամենաթանկարժեք երեք խաղացողներից մեկն է ակումբում։ Նա կիսում է 1-3 տեղերը թիմի ավագ Արտիմատասի և աֆրիկացի հարձակվող Նինգայի հետ։
Կիպրոսյան ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո, որը 5-րդ ցուցանիշն է ակումբում։
Հարոյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել իսպանական «Կադիսի» հետ պայմանագիրը խզելուց հետո։