«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին սկանդալային պատմության մեջ է հայտնվել, հայտնում է La Gazzetta Dello Sport-ը:
Ակումբի մարզաբազայից հեռանալիս՝ ֆուտբոլիստին մի խումբ երկրպագուներ են դիմավորել՝ ցանկանալով ինքնագիր ստանալ նրանից: Ումտիտին դեմ չի եղել երջանկացնել երկրպագուներին և իր Ferrari-ի պատուհանից սկսել է ինքնագրեր բաժանել:
Մինչ ֆրանսիացին զբաղված է եղել՝ մի երեխա, փորձելով գրավել ֆուտբոլիստի ուշադրությունը, թակել է նրա մեքենայի պատուհանը, ինչը զայրացրել է Ումտիտիին: Նա երեխային հորդորել է հանգստություն պահպանել և չդիպչել մեքենային. «Ձեռք մի՛ տուր մեքենային: Ես քեզ առանց այդ էլ տեսնում եմ»:
Միջադեպից հետո Ումտիտին դադարել է շփվել երկրպագուների հետ և լքել է մարզաբազայի տարածքը, իսկ երեխան մնացել է առանց ինքնագրի:
Ումտիտիի մասնակցությամբ միջադեպի տեսանյութը տարածվել է համացանցում, իսկ օգտատերերի մեկնաբանություններն իրենց սպասեցնել չեն տվել: Նրանք ֆուտբոլիստին կոչ են արել փոքր-ինչ ավելի բարի լինել՝ հաշվի առնելով այն աշխատավարձը, որ նա ստանում է առանց խաղադաշտ դուրս գալու: Օգտատերերը նաև ընդգծել են, որ երկրպագուների նկատմամբ հարգալից լինելը պարտադիր է, հատկապես՝ փոքրերի:
Հիշեցնենք՝ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայի ընդամենը մեկ հանդիպման է մասնակցել: