Հայաստանի ազգային հավաքականը վաղը՝ մարտի 29-ին, ընկերական խաղ կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ։ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսին մասնակցել է նաև մեր թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը․
-Չեռնոգորիայի դեմ խաղին մեկնարկային կազմում էիր, կարողացար դառնալ գոլի հեղինակ և վերջապես խաղացիր լեփ-լեցուն տրիբունաների ներքո․ ի՞նչ զգացողություններ ունեցար գոլը խփելուց հետո։
-Շատ լավ զգացողություններ էին առաջին անգամ խաղալ Հայաստանում ու կարողանալ հաղթել։ Հավաքականում ընկերական խաղեր չկան, միշտ փորձում ենք ուրախացնել մեր ազգին։ Շատ կազմակերպված ֆուտբոլ խաղացինք առաջինից վերջին րոպեն, արժանի հաղթանակ տարանք, հուսանք՝ այն մեզ կօգնի որպես հավաքական զարգանալու համար և կօգնի հետագայում Ազգերի լիգայում։
-Արդեն դիտե՞լ եք Նորվեգիայի հավաքականի խաղերը, ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին։
-Այո, արդեն դիտել ենք Նորվեգիայի որոշ խաղեր, կարող եմ ասել շատ կազմակերպված, արագաուժային ֆուտբոլ են խաղում, ունեն ուժեղ խաղացողներ, հատկապես հարձակման գծում, բայց ամեն ինչ անելու ենք, որ մեզ համար դրական արդյունքի հասնենք ու նորից ուրախացնենք մեր ազգին։
-Չեռնոգորիայի դեմ խաղում երևաց, որ ֆիզիկական լավ վիճակում ես, արդյոք Սլովակիայից Լեհաստան տեղափոխվելով ինքդ զգում ես, որ մարզավիճակդ բարելավվել է՝ հաշվի առնելով, որ Լեհաստանի առաջնությունը շատ ավելի արագաուժային է, քան Սլովակիայինը։
-Միանշանակ փոփոխություն կա Սլովակիայի առաջնությունից հետո Լեհաստանում, բայց այնտեղ էլ վատ մակարդակի վրա չէր, բայց ավելի բարձրակարգ թիմ եմ տեղափոխվել, որը օգնում է նաև ճիշտ աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ։ Շատ ուրախ եմ, կփորձեմ արդարացնել սպասելիքները, որ միշտ կարողանամ պատրաստ լինել օգնել հավաքականին։