Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական ակումբից։ Այս մասին հայտնում է Vesti.kz-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Բացի Հովհաննիսյանից, «Կայրաթից» հեռացել են նաև Դինո Միկանովիչն ու Ռադե Դուգալիչը։ Նրանք արդեն հավաքել են ճամպրուկներն են ու հանձնել են բնակարանները։
Ղազախստանի վերջին առաջնությունում Հայաստանի հավաքականի խաղացողը անցկացրել է 25 հանդիպում, խփել չորս գնդակ և նույնքան գոլային փոխանցում կատարել։ Նա նաև չորս հանդիպման և մեկ գոլի հեղինակ է դարձել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ ԿԼ խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Օմոնիայի» դեմ երեկ կայացած խաղում, Կամոն, սակայն, չէր ընդգրկվել «Կայրաթի» հայտացուցակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կամո Հովհաննիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը․ ըստ լուրերի, իսպանական Լա Լիգայի ակումբներից մեկը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ Բացի այդ, կա նաև կարիերան Հունաստանում և Ռուսաստանում շարունակելու տարբերակ։
Transfermarkt պորտալը Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո։